|
|
|
 |
25.02.2010
Վարչապետ. Մենք պետք է շատ խստապահանջ լինենք աշխատակազմի ղեկավարների նկատմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարևորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետն ասել է. «Մենք ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ բացված է նաև դրա մեխանիզմը: Մենք այսօր բավականին ծավալուն, միգուցե դեռևս չերևացող, աշխատատար գործ ենք իրականացնում` նկարագրում ենք բոլոր նախարարությունների բիզնես գործառույթները, դրանցից ելնելով նկարագրվում են բոլոր վարչությունների, բաժինների և աշխատատեղերի հստակ ֆունկցիաները: Բացի այդ, հստակեցնում ենք նախարարությունների, գործակալությունների և տեսչությունների գործառույթները: Հասկանալի է, որ այս բարեփոխումների ընթացքում էականորեն բարձրանում է աշխատակազմի ղեկավարի դերակատարությունը, և օրենսդիրը պաշտպանում է քաղաքացիական ծառայողին և առավել ևս` աշխատակազմի ղեկավարին:
Մենք պետք է շատ խստապահանջ լինենք աշխատակազմի ղեկավարների նկատմամբ, որովհետև նրանք են նախարարությունների արդյունավետ աշխատանքի, բոլոր գործառույթների իրականացման, նշված ժամկետում հանձնարարականների կատարման, փաստաթղթերի պատշաճ նախապատրաստման, բոլոր վարչությունների գործունեությունը համակարգելու հիմնական պատասխանատուները»: Ըստ նրա, այդ խստապահանջությունը դրսևորվելու է նրանով, որ իրենք այլևս չեն հանդուրժելու աշխատակազմի այնպիսի ղեկավարների, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս:
«Ցավով պետք է նշենք, որ այդպիսի դեպք արդեն արձանագրել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Աշխատակազմի ղեկավարը ստացել է նկատողություն աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար, որից հետո նախարարի միջնորդությամբ նա ստացել է վարչապետի խիստ նկատողությունը: Սակայն աշխատանքը չի շտկվել, և այսօր մենք ստիպված ենք անդրադառնալ այդ հարցին և օրենսդրության պահանջներին համապատասխան սկսել ծառայողական քննություն` դիմելով քաղծառայության խորհրդին, որպեսզի սկսվի համապատասխան վարույթ և աշխատակազմի ղեկավարին կարողանանք ազատել աշխատանքից: Այս խստապահանջ մոտեցումը այսուհետև լինելու է բոլոր աշխատակազմի ղեկավարների նկատմամբ: Հակառակ դեպքում մենք մեր 2010թ. ծրագրերը չենք կարողանալու ամբողջ ծավալով իրականացնել»,- ասել է վարչապետը:
|
|
|
|